Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հրաշագործ թթենին

Հրաշագործ թթենին

Այս հրաշալի բույսն աճում է հարավում, ինչպես նաեւ մեզ մոտ` Հայաստանում: Ղարաբաղում թթենուն մեծ հարգանքով են վերաբերվում` այն անվանելով ծառերի ու պտուղների արքա:

 

Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերեւները հումք են հանդիսանում մետաքսի համար: Դեռեւս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել: Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերեւները, ծառի արմատները, կեղեւն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ: Թթենու պտուղներն օժտված են արյունը մաքրող հատկությամբ, կարգավորում են նյութափոխանակությունը: Այն հատկապես շատ լավ է ճարպակալման դեպքում:

 

Մրսածության ժամանակ թթենու տերեւները հաճախ գործածվում են որպես ջերմիջեցնող միջոց, իսկ արմատն ու կեղեւը օգտագործվում են հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Այլ դեղաբույսերի հետ համակցված` այն շատ օգտակար է հազի, բրոնխիտի եւ շնչուղիների այլ հիվանդությունների համար: Թութն իր մեջ շատ օգտակար էլեմենտներ` հանքային նյութեր ու վիտամիններ է պարունակում: Բացի թվարկված օգտակար հատկանիշներից` թթենու պտուղներն ամենամաքուրն են ու ոչ մի աղտ իրենց վրա չեն հավաքում: Թութը շատ լավ է տեսողության համար: Թութը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է՝ որպես ստամոքսի ու 12-մատնյա աղիի, ստոմատիտի բուժման միջոց:

 

Թթենու համեղ պտուղները սննդի մեջ օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չոր վիճակում: Թթի չիրը կարող է փոխարինել շաքարին: Չոր վիճակով աղացած թութը կարելի է խառնել ալյուրի հետ ու օգտագործել որպես համեմունք: Բացի գլյուկոզայից ու ֆրուկտոզայից, թութն իր մեջ նաեւ կիտրոնաթթու եւ խնձորաթթու է պարունակում:

 

Ժողովրդական բժշկության մեջ թարմ, ոչ այնքան հասուն պտուղները, օշարակը կամ ջրաթուրմն օգտագործում են փորլուծության դեմ: Իսկ թթի դոշաբի մասին բոլորը գիտեն, թե այն որքան օգտակար է շնչուղիների հիվանդությունների համար: Ժողովրդական բժշկության մեջ այն նաեւ կիրառվում է՝ որպես վերքեր ապաքինող միջոց: Չինական բժշկության մեջ թթենու կեղեւից շաքարային դիաբետի բուժամիջոց են պատրաստում: Իսկ կեղեւի փոշին խառնելով բուսական յուղի հետ` քսուքներ են պատրաստում` վերքերը եւ կտրվածքները բուժելու համար:

 

Մի քանի տարի առաջ Վիետնամում Վ.Պ. Ֆիլատովի մեթոդով թթենու տերեւներից կենսածին խթանիչ` ֆոմիդոլ է ստեղծվել, որն ընդունում են ռեւմատիզմի, մաշկային տուբերկուլյոզի, էկզեմայի եւ էլի մի քանի հիվանդությունների բուժման համար: Ճապոնիայում թթի ծառի ծաղիկներից կոսմետոլոգիական միջոց են պատրաստում, որի օգնությամբ պայքարում են պեպենների, մաշկի այլ բծերի դեմ: Թթի ջրաթուրմը պատրաստում են հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ չորացրած եւ աղացած պտուղները լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու 4 ժամ թրմել, որից հետո քամել թանզիֆի մի քանի անգամ ծալած կտորով ու ընդունել օրը 3-4 անգամ`բաժակի 1/3 մասով:

 

Ծերունական փորկապությունների ու թութքի դեմ՝ թթի սեզոնին, առավոտյան նախաճաշից առաջ կարելի է ամեն օր թութ ուտել: Թթից խյուսանման զանգված է պատրաստվում, որը շատ լավ օգնում է գլխի թեփին եւ նպաստում մազերի արագ աճին: Այն պարզապես պետք է քսել մազարմատներին, կապել շորով ու թողնել մոտ 3 ժամ: Թութն առանձնապես հակացուցումներ չունի, բացառությամբ, եթե դրա պտուղներն ուտելուց անմիջապես հետո սառը ջուր են խմում: Այս դեպքում կարող է խանգարվել աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

 

Տե՛ս նաև. Թթազգիներ - Moraceae. սև թութ - Morus nigra L., սպիտակ թութ - Morus alba L.

                Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը

  

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ